«Վալդայ» ֆորումում ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը մեղադրել է Եվրոպային՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը խանգարելու և Ուկրաինան որպես սեփական նպատակներին հասնելու գործիք դարձնելու համար: Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է որակել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին հայտարարությունները, նաև հիմարություն անվանել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը: «Ռուսաստանը զինված ուժեր չուներ Ֆինլանդիայի սահմանակից շրջաններում, բայց հիմա կունենա»,- հավելել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ուշադիր հետևում են Եվրոպայի ռազմականացմանը և պատրաստ են հակահարված տալ: «Մի՛ սադրեք Մոսկվային»,- նախաշզգուշացրել է Կրեմլի ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ ռուսական ուժերը լուրջ հաջողություններ ունեն մարտի դաշտում, անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. նա կրկնել է՝ պատերազմ ընդհանրապես չէր լինի, եթե Ջո Բայդենի փոխարեն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցներ Դոնալդ Թրամփը: Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիարժեք վերականգնումը Դաշնության ազգային շահերից մեկն է։ Նա պատրաստակամություն է հայտնել Թրամփի հետ քննարկել նաև ռուս-ուկրաինական հակամարտության հարցը: «Հուսով եմ՝ Ուկրաինան էլ ուժ կգտնի և կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինը նաև մեղադրել է ուկրաինական ուժերին՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը իբր թիրախավորելու համար, խորհուրդ տվել մտածել՝ ինչ կարող է տեղի ունենալ ուկրաինական ատոմակայանների հետ, եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա: Միևնույն ժամանակ նա հայտարարել է՝ ուկրաինական ողբերգությունը թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների ցավն է:
Մանրամասները՝ տեսաշարում: