Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկեցինք ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա քայլերը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և TRIPP նախագծի իրագործմանը։ Այս համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։
Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կարևորել ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը։