Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիին։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ինտենսիվացնելու հարցեր։ Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությամբ նախատեսված փոխգործակցությանը, այդ թվում և զբոսաշրջության ոլորտի հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը Երևանում կազմակերպելու հարցին։
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարար Կեֆալոյանիին Զբոսաշրջության, սպասարկաման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջին աջակցելու և Կրետե կղզու Ռեթիմնո քաղաքում ամռանը այդ քոլեջի ուսանողների վերապատրաստմանը նպաստելու համար։
Դեսպանը նաև ներկայացրել է այս տարի զբոսաշրջային ոլորտում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնած միջազգային միջոցառումները և կարևորել հունական պետական և ոչ պետական կառույցների մասնակցությունը դրանցում։
Հանդիպմանը հատուկ կարևորություն է տրվել Հայաստանի և Հունաստանի միջև գործող ուղիղ թռիչքների առկայությանը և դրանց հաճախականությանը, ինչպես նաև ընդգծվել է ավիափոխադրողների ավելացման փաստը, ինչը ցույց է տալիս զբոսաշրջության ոլորտում երկկողմ աճող շահագրգռվածությունը»,- ասված է հաղորդագրությունում։