Իմ դիրքորոշումները չեն փոխվել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կոշտացել է:
«Չի կարծրացել, չի թուլացել: Այն, ինչ արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտնում, դա ոչ միայն մեր քաղաքականությունն է, մեր կամքն է, այլև մենք կարծում ենք, որ օր առաջ, րոպե առաջ դա պետք է իրագործվի:
Խնդիրը հետևյալն է, որ մենք ունենք ստորագրած և նախաստորագրած փաստաթղթեր: Երբ որ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ, օրինակ՝ օգտագործվում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, մեզ մոտ հարց է ծագում՝ որտեղից այդ արտահայտությունը: Բացում ենք, կարդում ենք թուղթը, որը ստորագրել ենք Վաշինգտոնում: Ադրբեջանի նախագահի հետ թուղթը ստորագրել ենք, ԱՄՆ նախագահն էլ ստորագրել է. այստեղ կա՞ այդպիսի արտահայտություն, չկա այդպիսի արտահայտություն: Շատ լավ. խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր ենք նախաստորագրել. կա՞ այնտեղ այդպիսի արտահայտություն, չկա այնտեղ այդպիսի արտահայտություն: Երբևէ որևէ տեղում մենք ունե՞նք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա, չկա նման արտահայտություն, հետևաբար դա ինչի՞ համար է օգտագործվում: Ես պարզ հարց տվեցի, ասացի, որ արժի, որ պարզաբանում հնչի՝ որտեղի մասին է դա, ընդ որում՝ դրա մասին ես խոսել եմ նաև Ազգային ժողովի ամբիոնից, որովհետև սա կարևոր նյուանս է, որովհետև եթե, օրինակ, Ադրբեջանում այդ կերպ անվանում են, ենթադրենք, Հորադիս-Զանգելան ճանապարհը, այդտեղ մենք պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է, թե՞ մեզ չի հուզում: Ադրբեջանի պարագայում անուններ որոշողը Ադրբեջանն է, Հայաստանի պարագայում անուններ որոշողը Հայաստանն է: Սա արձանագրված է նաև փաստաթղթում: Մենք միմյանց ինքնշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել ենք, և, հետևաբար, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Ընդհակառակը, փոփոխություն տեղի է ունեցել այդ խոսույթի մեջ, որովհետև օգոստոսի 8-ից հետո մենք պետք է այլ կերպ մոտենանք հարցերին: Մենք պետք է հասկանանք՝ ինչու է այդ արտահայտությունն օգտագործվում, որ նյարդ առաջանա՞ հասարակության մոտ»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով կոմունիկացիաների բացման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պետք է օր առաջ բացենք: Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մալուխների նախագծումը և կառուցումը: Մենք հիմա երկաթուղու նախագծումը պետք է սկսենք և տեսնենք՝ էլ ինչ ենթակառուցվածքներ կան, որ մենք պետք է վերաբացենք: Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք գնալ և գնալու ենք պարզեցումների, որպեսզի մեր մաքսային սահմանային հսկողությունները համապատասխան լինեն աշխարհի լավագույն ժամանակակից ստանդարտներին: Մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների, բայց դրանք էլ են սահմանափակված հինգ սկզբունքով՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար: Մեր կամքը և վճռականությունը որևէ կերպ չի սասանվել: Ինչո՞ւ ենք բառերի շուրջ վեճ ստեղծում, եկեք գնանք գետնի վրա իրականացնենք այն, ինչ պայմանավորվել ենք: Մենք րոպե առաջ անելու ենք դա և շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը: