Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող կառույցի տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահ:
Վերջին անգամ, երբ ելույթ ունեցա այս շատ հարգարժան դահլիճում, Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս խաղաղության հաստատման ճանապարհին էին: Այսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, և մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված:
Սակայն սա պատմության ավարտը չէ, այլ իրականություն, որը պետք է խնամել և սնուցել ամեն օր:
Եվ երբ ասում ենք խնամել, նախևառաջ անհրաժեշտ է այն չվնասել, խուսափել խոսույթից, որը հակասում է ձեռք բերված պայմանավորվածություններին, թշնամանքի խոսույթից, ինչը, ցավոք, շարունակում ենք լսել Ադրբեջանի նախագահի ելույթներում:
Վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման եւս մեկ կարևոր աղյուս է: Եվ այն կարող է կառուցվել, եթե հասցեագրվեն մնացած խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերը:
Մեկ այլ կարևոր ուղղություն, որը կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և որպես վկա՝ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված հռչակագրում նշվում է, որ բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն և գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: TRIPP-ը (Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար) ենթակառուցվածքային նախագիծ է, որն անցնում է Հայաստանի տարածքով: Իրականում TRIPP-ն արտացոլում և մաս է կազմում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը: Դրա նպատակն է ծառայել որպես կամուրջ, որը կապում է արևելքն արևմուտքին, հյուսիսը՝ հարավին՝ երկաթուղիների, մայրուղիների, ինչպես նաև խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և մալուխների միջոցով: Պետք նշել նաև, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը էական կլինի TRIPP ներդրումային նախագծի և ընդհանրապես «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար:
Երբ վերը նշված բոլոր քայլերը մտնեն իրականացման փուլ, խաղաղությունը կդառնա ավելի ինստիտուցիոնալ, քանի որ կապվածությունն ու միմյանցից կախվածությունը կստեղծեն փոխշահավետ իրականություն՝ չեզոքացնելով այդ իրականությանը հնարավոր սպառնալիքները:
Եզրափակելով՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ խաղաղության գործընթացը գնալով կամրապնդվի՝ չնայած դեռևս առկա խնդիրներին: Ավելի լավատեսական նոտայով մաղթում եմ, որ այս խաղաղության գործընթացը ոգեշնչող և օգտակար լինի այլ հակամարտությունների կողմերի համար, քանի որ մենք բոլորս ենք տառապում շարունակական պատերազմներից և մենք բոլորս միայն օգուտ կքաղենք խաղաղությունից: Եկեք աշխատենք անհոգնել հաստատելու և ամրապնդելու խաղաղությունը:
Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը: