Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված TRIPP ուղի նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք արևելքը կապելու են արևմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաև հյուսիսն է կապվելու հարավին։ Այդ մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հենց աշխարհագրական թվարկումը բավարար է արձանագրելու համար, որ սա ճշգրիտ արտացոլումն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի։ TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը բխում է հենց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից, որի կարողությունների զարգացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ երկկողմ հուշագիր ստորագրեցինք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
Հարկ եմ համարում նշել, որ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութւյան միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանարպետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Այս պայմանավորվածությունները ՀՀ-ի համար լավ առիթ են ոչ միայն TRIPP ուղու, այլև մյուս սահմանային անցակետերում սահմանային, մաքսային և այլ հսկողությունների նորագույն տեխոլոգիաներ ներդնելու դիտանկյունից, որոնք համապատասխան կլինեն ժամանակակից ամենաառաջավոր ստանդարտներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։