Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում հայտնել է, որ ոգեշնչող և արդյունավետ քննարկումներ է անցկացնում մերձավորարևելյան համայնքի հետ, օրակարգում է Գազայի հատվածում իրավիճակը:
«Ինտենսիվ բանակցություններ են արդեն չորս օր և կշարունակվեն՝ որքան անհրաժեշտ լինի վերջնական համաձայնագրի հասնելու համար: Տարածաշրջանի բոլոր երկրները ներգրավված են, ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը քաջատեղյակ են այս քննարկումների մասին»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ բոլորը ոգևորված են և ցանկանում են անցյալում թողնել խավարի ժամանակաշրջանը:
«Պետք է վերադարձնենք պատանդներին և հասնենք մշտական խաղաղության»,- շեշտել է Թրամփը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մոտ ապագայում Գազայի հարցով կարող է համաձայնագիր կնքվել։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել էր, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի Արևմտյան ափը։
Իսրայելի վարչապետը, սակայն, երեկ ՄԱԿ գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում նախազգուշացրել է՝ «դեռ չեն ավարտել»։ Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի մնացորդները թաքնվում են Գազա քաղաքում և ցանկանում են կրկնել հոկտեմբերի 7-ի վայրագությունը: Նա կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել գերիներին և վայր դնել զենքը, նաև կրկնել՝ Իսրայելին Պաղեստինի պետություն չեն կարող պարտադրել:
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ից հայտարարել են, որ պատրաստ են հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողությունից, սակայն վայր չեն դնի զենքը և չեն հանձնվի: