44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել եմ ԱԺ նախագահին: Սա նշանակում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների պահանջից ելնելով՝ քննիչ հանձնաժողովն իր զեկույցն ուղարկել է ԱԺ նախագահին: Հիմա թյուրըմբռնում կա, ասում են՝ ժամանակ եք խախտել: Չկա այդպիսի բան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Գլխավոր այն է, որ ունենք զեկույց, և շատ կարևոր է այդ զեկույցը ներկայացնել լիագումար նիստին: Այդ զեկույցը պետք է ունենա հետևանք, այսինքն՝ դասեր քաղենք այն իրողությունից, որին 44-օրյա պատերազմի ընթացքում մենք առնչվեցինք»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց՝ քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չէ: Հանձնաժողովը տալիս է բավականին ծավալուն եզրակացություն՝ 20-ից ավելի էջ, որը ներառում է եզրակացության կետերը:
«Զեկույցը շատ ավելի ծավալուն է: Զեկույցի տակ դրված փաստաթղթի նյութը հսկայական է. դրանք բոլորը խիստ գաղտնի, հույժ գաղտնի պահանջներով օժտված փաստաթղթեր են, ձայնագրություններ են, որոնք կդրվեն համապատասխան գաղտնի բաժնում, և ովքեր կունենան այդ հնարավորությունը, կծանոթանան»,- ասաց նա:
Քննիչ հանձնաժողովի նախագահ նաև արձագանքեց քննդատություններին, թե ժամկետի խախտում կա՝ նկատելով, որ ժամկետի խախտում չկա, որովհետև ժամկետը վերաբերում է փաստերի հավաքագրմանը:
«Կարծում եմ՝ ԱԺ նախագահը կորոշի օրը: Ես ենթադրում եմ՝ հոկտեմբերի 27-ից հետո եկող առաջիկա նիստում դա կլինի: Բայց երբ էլ նշանակվի օրը, մի բանում վստահ եղեք՝ զեկույցը պատրաստ է, և պետք է դա ողջունել»,- ասաց նա՝ հավելելով, որ բացահայտումներ են լինելու: