Ուկրաինան պաշտոնապես սկսում է զենքի արտահանումը՝ հայտնել Է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ այդ գործընթացը կառավարելի է լինելու. արտահանվելու են միայն առանձին զինատեսակներ։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ դա թույլ կտար ծածկել նոր մշակումների ֆինանսավորման դեֆիցիտը և միաժամանակ խնդիրներ չի ստեղծի ուկրաինական բանակի համար։ Լրագրողների հետ հանդիպմանը Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայում կստեղծվեն նաև ժամանակակից հարձակողական զորքեր՝ դրոնային բաղադրիչով:
Անդրադառնալով ընթացիկ ռազմական գործողություններին՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ երկրի զինված ուժերը ԱԹՍ-ներով գրոհում են ՌԴ նավթավերամշակման գործարաններն ու ռազմական պահեստները: Դա, նրա խոսքով, հանգեցրել է ռուսական ենթակառուցվածքի և օդանավակայանների աշխատանքի խափանումների։ Զելենսկին նաև նշել է, որ Կիևը Լեհաստանի և Ռումինիայի հետ քննարկում է իրավիճակը Ուկրաինայի արևմտյան շրջաններում անօդաչու թռչող սարքերի խոցման առնչությամբ։
Նախագահը հայտնել է, որ տարբեր ուղղություններով դաժան մարտերը շարունակվում են: Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, նրա խոսքով՝ դրանք կարող են տրվել Կիևին անգամ մինչև ռազմական գործողությունների ավարտը: