ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մեղադրել են Իրանին՝ ձեռք բերված համաձայնությունը խախտելու և միջուկային զենքի ձգտելու համար: Այս պնդմանն աջակցություն են հայտնել մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը: Չինաստանը, Պակիստանը և Ռուսաստանը քվեարկել են պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու օգտին։
Այսպիսով՝ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 26-ին, եթե Իրանը և եվրոպական կողմը մինչ այդ համաձայնության չգան։
Իրանի ԱԳՆ-ն միջազգային իրավունքի խախտում է որակել ՄԱԿ ԱԽ որոշումը՝ նշելով, որ այն խաթարում է դիվանագիտական ջանքերը:
«Այս քայլի պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և եվրոպական կողմը»,- նշել են գերատեսչությունից։ Թեհրանը մտահոգություն է հայտնել, որ «եվրոպական եռյակը» չի դատապարտել իրանական միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածները: Իրանական կողմը նախազգուշացրել է՝ չեն հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրից, միևնույն ժամանակ պատրաստ են հանդիպել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ: