Հայաստանի Հանրապետության իմաստուն ու խորաթափանց ժողովուրդը խաղաղության ռազմավարության, խաղաղության օրակարգի, խաղաղության քաղաքականության իրական հեղինակն է, և ինձ համար սրանում ոչ մի կասկած չկա։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին մի քանի անգամ թեև խոսել է, սակայն համաժողովը թեման ամբողջացնելու ամենապատեհ վայրն է:
«Էլի պիտի խոսեմ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այն տեսարանների մասին, երբ մեր նախընտրական հանրահավաքների առաջին շարքերում տեսնում էի միջինից բարձր տարիքի բազմաթիվ կանանց։
Արդեն 4,5 տարի այդ մասին հաճախ մտածելով՝ չեմ կարողանում գտնել նրանց ամենադիպուկ բնորոշումը, բառը կամ արտահայտությունը։ Երկար մտածեցի և եկա համոզման, որ ճիշտ բնորոշումը ալմա-մատերն է՝ սնուցող մայր։
Բայց Խոսքը այն մայրերի մասին է, ովքեր հաց են դնում ոչ միայն իրենց ամուսինների ու զավակների, այլև իրենց մեծ գերդաստանների առաջ։ Մեր իրականության մեջ կան այդպիսի բազմաթիվ մայրեր, որոնք գերդաստանների լուռ առանցքն են, նրանք լուռ են, որովհետև խոսելու ժամանակ չունեն։
Ընդ որում՝ նրանց վրա է գերդաստանի հոգսը, գերդաստանի ռազմավարական պլանավորումը։ Լուռ են, որովհետև տոլմա պիտի փաթաթեն, լուռ են, ոովհետև խաշ պիտի դնեն, լուռ են, որովհետև լավաշ ու հաց պիտի թխեն, թթու պետք է դնեն, լուռ են, մուրաբա պետք է եփեն, լուռ են, որովհետև խոսելը երբեմն իմաստ չունի։
Լուռ են, որովհետև ո՞վ է իրենց լսելու, լուռ են, որովհետև հայկական առածն ասում է՝ ասողին լսող է պետք։ Եվ ահա, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրերից սա ինձ համար դարձավ թիվ մեկ հարցը՝ ինչո՞ւ են այս մայրերը, գերդաստանների սնուցող մայրերը, գալիս մեր նախընտրական հավաքներին, երբեմն՝ տան շորերով, մաշիկներով, ակնհայտ լինելով, որ գալու որոշումը կայացրել են վերջին պահին, 5 րոպե առաջ, և նրանց գալը պոռթկում է, նրանք ասելու բան ունեն։ Ես քարոզարշավի առաջին օրերից հասկացա, որ իմ հիմնական անելիքը նրանց լսելն ու դա գործնական քաղաքականություն դարձնելն է։
Նրանցից լսածը ինձ ցնցեց»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ կանայք ասում էին ընդամենը երկու բան. առաջին՝ շնորհակալություն էին ասում 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու և պատերազմը կանգնեցնելու համար։
«Սա իսկապես ցնցում էր ինձ համար։
Հայաստանի քաղաքական և մշակութային էլիտայի մի էական հատվածը ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ Հայաստանի սնուցող մայրերն ինձ շնորհակալություն էին ասում, ու երկուսն էլ՝ նույն բանի համար։
Ես այդ մայրերին հարցնում էի՝ ինչի՞ համար եք շնորհակալություն ասում։ Նրանց պատասխանը կոնկրետ էր՝ տասնյակ հազարավոր զինծառայողների կյանքեր փրկելու և պատերազմը կանգնեցնելու և Հայաստանը, իրենց ասելով՝ փրկելու համար։ Ես հակադարձում էի՝ իսկ հազարավոր զոհերը, իսկ այն, որ պատերազմը սկսվելուց առաջ չէինք կարողացել կանխել․․․»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ կանայք ասում էին՝ գնա խաղաղության հետևից, մեզ անհրաժեշտ է խաղաղություն, միայն ու միայն խաղաղություն։
«Ես հասկացա, որ այսպես խոսում է ժողովուրդը, այո՛, ժողովուրդը, ներառյալ՝ տղամարդիկ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։