Եվրահանձնաժողովը ցանկանում է դադարեցնել ֆինանսական աջակցությունն Իսրայելին ու սառեցնել նրան ուղղված բոլոր վճարումները: Այդ մասին հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի անդամներին՝ «Եվրամիությունում գործերի վիճակի մասին» ելույթի ժամանակ:
Նա հայտարարել է նաև, որ ծրագրել է անդամ պետություններին ներկայացնել Իսրայելի ծայրահեղական նախարարների և ագրեսիվ վերաբնակիչների դեմ պատժամիջոցների առաջարկներ: Ինչպես նաև խորհուրդ տալ կասեցնել գործընկերության համաձայնագրի շրջանակում կնքված առևտրային համաձայնագրերը։
Ֆոն դեր Լայենը դատապարտել է Գազայում «արհեստական սովը» և Իսրայելի «ակնհայտ փորձը»՝ խափանելու «երկու պետության մասին որոշումը»: Սակայն նա նաև «ցավոտ» է անվանել Եվրոպայի անկարողությունը Գազայում Իսրայելի գործողություններին արձագանքելու հարցում: