Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, և գոյություն ունեն սուբյեկտիվ ընկալումներ: Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը, և սրանից բխում է, որ ՀՀ-ի տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում կայացնում է ՀՀ-ն, որոնց հետ կապված ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինի գործածման վերաբերյալ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Հայաստանում լինելու է TRIPP անունով ենթակառուցվածք:
«Բայց սա ամբողջ պատմությունը չի, ամբողջ պատմությունն այն է, որ արձանագրության տակ կա ԱՄՆ նախագահի ստորագրությունը, ամբողջ պատմությունն այն է, որ այս արձանագրման տակ կա նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, և եթե մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, ապա մենք գծել ենք այն շրջանակը և ստորագրել ենք, թե ինչ է և ինչի մասին են տարածաշրջանային կոմունիկացիաները և ապաշրջափակումը:
Ամբողջ պատմությունն այն է, որ փաստաթղթի 4-րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ-ի քննարկման օրակարգի հարց է: Հարց կծագի՝ այդ դեպքում Ադրբեջանն ի՞նչ կապ ունի այս թեմայի հետ: Կապը հետևյալն է, որ այս նախագիծը՝ տարածաշրջանային կոմունիկացիների բացումը, պետք է կպնի Ադրբեջանին, և Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը ՀՀ-ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է, և դրա տակ կա ոչ միայն ՀՀ վարչապետի, ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: Սա էլ ամբողջ պատմությունը չէ, ամբողջ պատմությունն այն է, որ մի հատ էլ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն՝ նախագահ Թրամփը և ես, ստորագրել ենք մտադրությունների հուշագիր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին, որտեղ ԱՄՆ-ն և մենք պայմանավորվել ենք, որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, և ԱՄՆ-ն հետաքրքրված է այդտեղ ներդրումներ անելու: Սա է օբյեկտիվ իրականությունը, մնացածը սուբյեկտիվ իրականություն է»,- նշեց վարչապետը: