Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է «Թրամփի ուղուն», նշել, որ այդ հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ:
«Մենք պատկերացում ունենք, թե ինչպես է դա լինելու»,- նշել է Օվերչուկը։
Նա հավելել է՝ նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար տրանսպորտային ընդհանուր շրջանակի ձևավորմանը։
«Եթե նման ճանապարհ լինի, այն, ի թիվս այլնի, կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապին։ Մեր գնահատմամբ՝ այն, հավանաբար, մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհն է լինելու»,- մանրամասնել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նա խոսել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, կրկնել, որ առևտրաշրջանառությունը նվազել է:
«Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։
Օվերչուկը հավելել է, որ Հայաստանը նաև պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը և ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ:
«Դա Հայաստանի իրավունքն է։ Սակայն, օրինակ, Ռուսաստանից ստացվող էներգիայի և սննդամթերքի համար այլ գներ կսահմանվեն։ Նաև, ինչպես գիտեք, ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի երկինքը նույնպես փակ կլինի ռուսական ինքնաթիռների համար, իսկ Ռուսաստանի երկինքը՝ Հայաստանի համար»,- շարունակել է Օվերչուկը, ընդգծել՝ հետևանքները կարող են տարբեր լինել։
Փոխվարչապետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները, դրանք որակել՝ նորմալ:
«Խնդիրներ չունենք, կառուցողական աշխատանք ենք վարում»,- հավելել է պաշտոնյան: