Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավարի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում են եղել պահպանության գործընթացների բարելավման ու հսկողական մեխանիզմների առավել արդյունավետ կազմակերպման հարցերը։
Այս մասին հայտնել է էկոպարեկային ծառայությունը:
Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել ծառայության իրականացման ձևերի կատարելագործմանը, գործիքակազմի արդիականացման հնարավորություններին և կառույցի կառուցվածքային զարգացման ուղենիշներին։ Ներկայացվել են առաջարկություններ՝ միտված պահպանության ապահովման առավել պատշաճ կազմակերպմանը, հսկողության գործառույթների նոր մոտեցումներին և դրանց ամրապնդմանը, ինչպես նաև ծառայության ինստիտուցիոնալ հիմքերի հզորացմանը։
Հատուկ կարևորություն է տրվել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի օգտագործմանն ու դրանցից ստացվող մոնիթորինգային տվյալների բազմակողմանի վերլուծությանը։ Առանձնացվել է նաև տեսանկարահանող սարքավորումների միջոցով տեղեկատվության ամբողջական ստացման և օպերատիվ մշակման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։
Քննարկման արդյունքներով ծառայության պետի կողմից սահմանվել են հանձնարարականներ` միտված ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, կառավարման ճկունության բարձրացմանը և պահպանվող տարածքներում հսկողական գործունեության առավել բարձր մակարդակի ապահովմանը։