Ադրբեջանը կարող է ամերիկյան ExxonMobil ընկերության աջակցությամբ խոշոր ոչ ավանդական նավթային հանքավայր բացել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը նախարարների կաբինետի հատուկ նիստում՝ նվիրված Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ExxonMobil ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման վրա: Ջաբարովն ընդգծել է, որ Ալիևի այցի ընթացքում ԱՄՆ-ը դրական է գնահատել Վաշինգտոնի դաշնակիցների՝ Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային նախագծերում Ադրբեջանի մասնակցությունը։
Ջաբարովը հայտարարել է, որ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ներուժը, երկիրը գրավիչ են դարձնում տվյալների կենտրոնների ենթակառուցվածքներում և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար:
«Ադրբեջանն անփոխարինելի դեր է խաղում նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի՝ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանների միջև մի շարք նախագծերի իրականացման գործում»,- նշել է ադրբեջանցի նախարարը: