Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհ է մնացել Թրամփի հետ բանակցություններից և այն անվանել է «շատ կառուցողական»:
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Թրամփի հետ եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում, նրա խոսքով, քննարկվելու են տարածքային հարցեր։
«Ես հույս ունեմ, որ մենք լուծում կգտնենք բոլոր հարցերի, այդ թվում՝ տարածքային հարցերի շուրջ»,- ասել է նա:
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, սակայն դրանք պետք է անցկացվեն անվտանգ պայմաններում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հանդիպման համար և ասել, որ ԱՄՆ նախագահին «շատ մանրամասներ» է ցույց տվել մարտի դաշտի քարտեզի վրա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն ավարտվել է, մեկնարկել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել էր ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել էր, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել էր «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: