ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այդ մասին նախարարը սոցցանցում գրառում էր կատարել:
Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Որպես խորհրդի նախագահ՝ ես նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել եմ այս կառույցի աշխատանքները և խորությամբ ծանոթ եմ հիմնադրամում առկա խնդիրներին»,- գրել է նախարարը և ավելացրել, որ այդ պատճառով նիստի ընթացքում առանձնակի ուշադրություն դրվեց գույքագրված խնդիրների լուծման և հիմնադրամի առողջացման օրակարգին։
Քննարկումների արդյունքում ընդունվել են կոնկրետ որոշումներ՝ ուղղված կուտակված խնդիրների հաղթահարմանը և հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը։
Նշվել է, որ կենսաբազմազանության պահպանման և էկոլոգիական հավասարակշռության տեսանկյունից Սևանի իշխանի պաշարների վերականգնումը առաջնային խնդիր է։ Ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական նշանակություն ունի՝ Սևանի էկոհամակարգի կայունության և ձկնաբուծության զարգացման տեսանկյունից։