Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ի՞նչ է լինելու Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հետ: Ուղերձում այս հարցին ևս անդրադարձել է վարչապետը՝ խոսելով վերջին տասն օրվա հարցադրումների մասին:
«Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր ՀՀ տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ, այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում, բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունը այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում:
Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, ես գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ հնչել մեր ականջին, նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պիտի լցնենք նոր տիկերի մեջ, մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետև սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ»,- ասել է վարչապետը: