ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահները գրեթե երեք ժամ տևած բանակցություններից հետո հեռացել են Ալյասկայից՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում մամուլի համար հայտարարությամբ հանդես գալով միայն:
Հայտարարված ընթրիք և ընդլայնված ձևաչափով քննարկում (հիմնական բանակցություններն անցկացվել են «3+3» ձևաչափով) չի անցկացվել։
Հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որտեղ լրագրողները ոչ մի հարց չեն տվել, երկու առաջնորդները բանակցություններն անվանել են «արդյունավետ»: Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի գործարքը դեռ ձեռք չի բերվել, սակայն Ռուսաստանին և ԱՄՆ-ին հաջողվել է համաձայնեցնել բազմաթիվ կետեր: Մանրամասները ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։
Վլադիմիր Պուտինը կրկին հիշատակել է «հակամարտության հիմնական պատճառները» և Թրամփի հետ համաձայնություն հայտնել, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:
Եզրափակելով իր խոսքը՝ Թրամփը ենթադրություն է հայտնել, որ Պուտինի հետ իր նոր հանդիպումը կարող է կայանալ շատ շուտով։ ՌԴ նախագահն իր հերթին առաջարկել է այն անցկացնել Մոսկվայում։ Թրամփն առաջարկն անվանել է հետաքրքիր:
Reuters գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, Պուտինին անձնական նամակ է փոխանցել, որում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի մասին հարցը: Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարն այդ ուղերձը փոխանցել է ՌԴ նախագահին բանակցությունների ժամանակ:
Ավելի ուշ FoxNews-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ «լավ» հանդիպման պատճառով երկու-երեք շաբաթով կհետաձգի ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների սահմանումը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն Թրամփը խորհուրդ է տվել գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Ուկրաինան «հնարավոր է բացասական պատասխան տա»:
Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։
Պուտինը բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա կրկին խոսել է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների և այն մասին, որ դրանք պետք է վերացնել հակամարտությունն ավարտելու համար։ Իր հերթին Թրամփը նշել է, որ կողմերը չեն կարողացել լիարժեք փոխըմբռնման հասնել, և գործարք դեռ չկա: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ» և նշել, որ Վաշինգտոնին և Մոսկվային հաջողվել է համաձայնեցնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ շատ կետեր: ԱՄՆ նախագահի խոսքով ՝ այժմ երկրները «լավ հնարավորություն ունեն խաղաղ կարգավորման հասնելու համար»: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով հեռախոսով իր արդյունքների մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին: