Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ հայտնել են Սպիտակ տնից:
Հեռախոսազրույցին են միացել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ:
Զելենսկին հեռախոսազրույցը «բովանդակալից» է գնահատել, հավելել՝ այն տևել է ավելի քան մեկուկես ժամ:
«Ուկրաինան վերահաստատում է խաղաղության հասնելու համար առավելագույն ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը։ Նախագահ Թրամփը տեղեկացրել է Ռուսաստանի առաջնորդի հետ իր հանդիպման և դրանց քննարկման հիմնական կետերի մասին: Կարևոր է, որ Ամերիկայի ուժն ազդում է իրավիճակի զարգացման վրա։ Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի առաջարկին՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Ուկրաինան ընդգծում է, որ առանցքային հարցերը կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, և դրա համար հարմար է եռակողմ ձևաչափը»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ երկուշաբթի Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Թրամփի հետ՝ քննարկելու պատերազմի դադարեցման վերաբերյալ բոլոր մանրամասները:
Նշվում է, որ այսօր ԵՄ դեսպաններն առցանց ձևաչափով արտահերթ նիստ կանցկացնեն: Օրակարգում կլինի Ուկրաինայի վերաբերյալ կարծիքների փոխանակումը: