Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում հանդիպել է Սիրիայի պատվիրակության հետ, որի կազմում են երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները և հետախուզության ղեկավարը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, Սիրիայում տիրող իրավիճակը և թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ուղիները։
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը մտահոգություն է հայտնել Սիրիայում զինված խմբավորումների շարունակական ներկայության կապակցությամբ, որոնք Անկարան սպառնալիք է համարում իր անվտանգության համար: Թուրք նախարարը նաև Իսրայելին մեղադրել է տարածաշրջանում ապակառուցողական գործողությունների համար։
Սիրիայի արտգործնախարարն էլ հաստատել է, որ երկիրը երկար տարիների պատերազմից հետո վերականգնման ծանր փուլում է, և դեմ է արտահայտվել երկրի բաժանմանը: Ասաադ ալ Շիբանին Իսրայելին մեղադրել է միջկրոնական տարաձայնություն հրահրելու փորձերի համար, հատկապես Էս Սուեյդա նահանգում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսի ներքո:
Սիրիայի պատվիրակությանն ընդունել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ստորագրվել է համաձայնագիր երկու երկրի միջև ռազմական պատրաստության և խորհրդատվությունների մասին, որոնք ներառում են վերապատրաստման դասընթացներ, ծրագրեր և տեխնիկական աջակցություն՝ ուղղված Սիրիայի պաշտպանության ամրապնդմանն ու զարգացմանը: