2022-ի ապրիլի 26-ին վարչապետի շարասյանն ուղեկցած մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով վարորդը՝ Արամ Նավասարդյանը, մեղավոր է ճանաչվել: Նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ:
Դատարանն այս պահին լուծել է միայն մեղավորության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով լրացուցիչ դատալսումների փուլում դատարանը կանդրադառնա պատժի հարցին:
Նավասարդյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է:
Հիշեցնենք՝ նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված էր համարել, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի, 505 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս, թույլ է տվել մի շարք խախտումներ: