Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարվող նավթը, որը պարունակում է օրգանական քլորիդներ, հասել է Եվրոպա: Այդ մասնիկներն օգտագործվում են հումքի արդյունահանումը մեծացնելու համար և կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: British Petroleum ընկերությունը հայտնել է, որ տեղյակ է Ադրբեջանից մատակարարվող աղտոտված նավթի հետ կապված հնարավոր խնդիրների մասին:
Աղտոտման հայտնաբերումից հետո հումքի առաքումը թուրքական Ջեյհան մի քանի օրով դադարեցվել է: Reuters-ի տվյալով՝ հուլիսի 19-23-ը առաքումներ չեն եղել, որից հետո արդեն մատակարարվել է առաջին խմբաքանակը:
Ըստ նավթամուղը շահագործող ընկերության՝ իրենք տեղյակ են որակի հնարավոր խնդրի մասին: Ադրբեջանում նավթի ամենամեծ արդյունահանող British Petroleum-ը հայտնել է՝ գնահատման աշխատանքները դեռևս չեն ավարտվել:
Reuters-ի աղբյուրների հաղորդմամբ՝ նավթի առնվազն 3-4 խմբաքանակ աղտոտված է եղել: Դրա պատճառով հումքի արժեքը նվազել է՝ հասնելով 4 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի: