Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլին։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա երեկոյան: Մոսկվայի թիմը կրկին կգլխավորի Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Նա կարծիք է հայտնել, որ բանակցությունները բարդ են լինելու, քանի որ կարգավորման վերաբերյալ կողմերի հուշագրերի նախագծերը տրամագծորեն տարբեր են։ «Այսօր հիմնականում քննարկվելու են հենց հուշագրերը: Դրանց համաձայնեցման աշխատանքները կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպման նախապատրաստություն»,- հավելել է Պեսկովը:
Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է քննարկել երեք առաջնահերթ հարց՝ ռազմագերիների և Ռուսաստանի առևանգած ուկրաինացի երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստումը։ Հայտնի է, որ Կիևի պատվիրակությունը կրկին կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նրան կուղեկցեն Ուկրաինայի հետախուզության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Կիևի և Մոսկվայի թիմերի հանդիպմանը ներկայացված է լինելու նաև թուրքական կողմը՝ երկրի արտաքին գործերի նախարարության, հետախուզության և գլխավոր շտաբի ղեկավարների մակարդակով:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: