Բուլղարիան փակել է Թեհրանում իր դեսպանատունը և տարհանել դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքի անդամներին Ադրբեջանի տարածքով:
Բուլղարիայի դեսպանատունը կշարունակի գործել Բաքվից, հայտնել է երկրի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը:
Իրանում Հունգարիայի դեսպանատունը ևս ժամանակավորապես տեղափոխվել է Բաքու: Արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները հեռացել են Իրանից:
Իսկ Չինաստանն Իրանից տարհանել է ավելի քան 1600 քաղաքացու, ևս հարյուրավոր քաղաքացիների՝ Իսրայելից: Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ երկիրը կապի մեջ է Իրանի, Իսրայելի, Եգիպտոսի և Օմանի հետ: Չինաստանը հակամարտության կողմերին, մասնավորապես՝ Իսրայելին, անհապաղ հրադադարի կոչ է անում՝ նշել է խոսնակը: Իրանում Չինաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել երկիրը լքել ցամաքային ճանապարհներով, նաև նախազգուշացրել է դեպի Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ անցակետերում մեծ կուտակումների մասին: Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին խորհուրդ է տվել Իրանից հեռանալ նաև Հայաստանով, Թուրքիայով և Իրաքով:
Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով վերջին օրերին տարբեր երկրներ են իրենց քաղաքացիների տարհանումներ սկսել, այդ թվում՝ Հնդկաստանը, Գերմանիան, Չեխիան, Սլովակիան, Հունաստանը, Միացյալ նահանգները, Ավստրալիան, Հնդկաստանը, Պակիստանը, Ճապոնիան: