Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Անդրիյ Երմակը և Մարկո Ռուբիոն քննարկել են ռազմաճակատում իրավիճակը և պաշտպանության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Պաշտոնյաներն անդրադարձել են Ստամբուլում օրերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին, Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների առաջիկա հնարավոր հանդիպումներին, գերիների փոխանակմանը: «Ուկրաինան պատրաստ է հրադադարի և խաղաղության, իսկ Ռուսաստանը դեմ է, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ պատժամիջոցներ»,- նշել է Երմակը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը: Ուկրաինական կողմի տվյալով՝ Ռուստեմ Ումերովը Կիևի գործընկերների հետ պայմանավորվել է պաշտպանական արտադրության մեխանիզմ մշակելու շուրջ։ Նաև հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Նորվեգիան, Կանադան, Շվեդիան խոստացել են բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ երկրի ռազմական ներուժն ամրապնդելու համար:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: