Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն, հաջողությունը, կարծես, մոտ է՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերն այժմ պետք է հանդիպեն ամենաբարձր մակարդակներով։
«Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրե՛ք արյունահեղությունը հենց հիմա։ Մենք էլ կնպաստենք այս դաժան և անիմաստ պատերազմի դադարեցմանը»,- Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ երեկ իր բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդյունավետ է եղել:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը բողոքել է, որ Կիևը դեռևս չի ստորագրել Վաշինգտոնի հետ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։ «Հուսով եմ՝ այն կկնքվի անմիջապես»,- շեշտել է Թրամփը: