ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է երեքշաբթի զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ։ Մինչ այս Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները բանակցություններ են վարել, որոնք Թրամփը «շատ լավ և արդյունավետ» է անվանել։ Միաժամանակ Պուտինը առաջ է քաշել պայմաններ, որոնց դեպքում պատրաստ է քննարկելու Վաշինգտոնի և Կիևի հրադադարի առաջարկը։
«Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին: Գուցե կարող ենք, գուցե՝ ոչ, բայց, կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե ինչ զիջումներ կարող են դիտարկվել հրադադարի շուրջ բանակցություններում, Թրամփը լրագրողներին ասել է. «Մենք խոսելու ենք էլեկտրակայանների մասին»։ Իր հերթին Reuters-ը նշում է, որ Թրամփի և Պուտինի ծրագրված բանակցություններում, հավանաբար, կբարձրացվի ռուսական ուժերի գրաված Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հարցը։
Թրամփը հույս ունի, որ ինքը և Պուտինը «կկարողանան որոշ հայտարարություններ անել»՝ կապված Ուկրաինայում զինադադար հաստատելու ԱՄՆ առաջարկի հետ։
Մարտի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի և Թրամփի զրույցի նախապատրաստումը։ «Այո, ճիշտ է, երեքշաբթի նման զրույց է նախապատրաստվում»,- հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով համապատասխան հարցին, միաժամանակ չի հստակեցրել երկու առաջնորդների սպասվող զրույցի թեմաները։