«Շալոմ Համաս» նշանակում է բարև և ցտեսություն, կարող եք ընտրել՝ դիմել է Դոնալդ Թրամփը պաղեստինյան շարժմանը: ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ից պահանջել է անմիջապես ազատել բոլոր պատանդներին և վերադարձնել սպանված գերիների աճյունները:
«Այլապես ձեր վերջը եկել է: Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործն ավարտին հասցնելու համար: Սա վերջին նախազգուշացումն է: Ճիշտ ժամանակն է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը լքի Գազան, քանի դեռ հնարավորություն ունի: Նաև դիմում եմ Գազայի ժողովրդին. ձեզ գեղեցիկ ապագա է սպասում, բայց ոչ այն դեպքում, եթե պատանդներ եք պահում: Եթե այդպես եք վարվելու, մեռած եք: Խելացի որոշում կայացրե՛ք, կամ դժոխք կտիրի»,- սպառնացել է Թրամփը:
ՀԱՄԱՍ-ից արձագանքել են, նշել՝ Թրամփի սպառնալիքները բարդացնում են հրադադարի գործարքի կյանքի կոչումը և խրախուսում Իսրայելին խախտել այն: «Համաձայնագիր գոյություն ունի, որի շուրջ բանակցություններին մասնակցել է նաև Վաշինգտոնը: Պայմանավորվել ենք ազատել պատանդներին 3 փուլով: Համասը հավատարիմ է այդ մոտեցմանը, իսկ Իսրայելը՝ ոչ»,- ասել է պաղեստինյան շարժման ներկայացուցիչը:
Հայտնի է, որ Գազայի հատվածում այժմ 59 պատանդ կա։ ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ մեծ մասը զոհվել է։ Հրադադարի գործարքի առաջին փուլը, որի շրջանակում տասնյակ իսրայելցի պատանդներ և Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներ են փոխանակվել, օրերս ավարտվել է: Արդյոք գործարքի մյուս փուլերը կյանքի կկոչվե՞ն՝ հայտնի չէ: