Նախկին փորձառությունը մեզ բերեց նրան, որ փոքր «խելացի» անասնագոմերի արդյունավետության հետ կապված լրջագույն խնդիրներ են առաջանում, որովհետև դրանք լավ արդյունքներ չեն ապահովել, այսինքն՝ մենք մոնիթորինգ ենք արել և պարզել, որ ավելի արդյունավետ են միջին «խելացի» անասնագոմերը և խոշորները: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե ինչու փակվեց «խելացի» անասնագոմերի ծրագիրը:
Գևորգ Պապոյանը նախ ընդգծեց՝ չի փակվել ծրագիրը, այլ ժամկետն է ավարտվել, ապա հավելեց՝ ծրագիրը կարևոր էր, ուստի այն որոշակի լավարկումներով շուտով կմեկնարկի: Քննարկումների փուլն ավարտվել է, շուտով այն կքննարկվի կոմիտեի նիստում:
«Նախկինում 3 կատեգորիա կար՝ փոքր, մոտավորապես 10 անասունի մասին էր խոսքը, միջին՝ 20-25 անասունի մասին, և խոշոր՝ 45-50 անասունի մասին: Հիմա նորից ունենալու ենք փոքր, միջին և խոշոր, բայց հետևյալ տրամաբանությամբ՝ փոքրը՝ 25 անասուն, 45-50-ը՝ միջին, և կունենանք 95-100 անասունով տարբերակ, որն արդեն կլինի իրապես խոշոր»,- ասաց նա: