Բաքվում «Ռուսաստանի տան» գործունեությունը դադարեցվել է: Կազմակերպությունը հայտնել է, որ նման քայլը պայմանավորված է Ադրբեջանի ԱԳՆ պահանջով։
Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ «Ռուսաստանի տունը» գրանցված չէ որպես իրավաբանական անձ, ինչը հակասում է երկրի օրենսդրությանը:
Ադրբեջանական իշխանամետ Qafqazinfo լրատվականն էլ գրում է, որ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցվել է երկրում Մոսկվայի շահերը սպասարկող ցանցի բացահայտումից հետո։ Լրատվականի տվյալով՝ այդ ցանցի մեջ են մտնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը, Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը, նախկին նախարարներ Աբուլֆաս Գարաևը, Ազադ Ռահիմովը, Էլմար Մամեդյարովը: Ըստ հրապարակման՝ նրանք ցուցումներ են ստացել ռուսական հետախուզության կողմից, որը գործակալական ցանցի միջոցով փորձել է ազդել Ադրբեջանում հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Էլմար Մամեդյարովը և Ռամիզ Մեհթիևը անհիմն և կեղծ են որակել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները:
Ադրբեջանական իրավապահ մարմինները ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և դրանցում ներկայացված պնդումների վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Մանրամասները՝ տեսաշարում: