Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը հետ չի կանչել դրանց տակ իր ստորագրությունը: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այդ կարևորագույն փաստաթղթերից հրաժարվելու փորձերը համարում ենք խիստ վտանգավոր։ Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկերի կհանգեցնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Իսկ այդ մարտահրավերները կանգնեցնել արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ չի հաջողվի։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և Հարավային Կովկասի մյուս պետություններ, նրանց խնդիրն այլ է՝ դուրս մղել մեզ և տարածաշրջանային մյուս դերակատարներին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,- նշել է Զախարովան։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը եռակողմ հայտարարությունների կատարումը դանդաղեցնելու և ամբողջությամբ կյանքի չկոչելու համար անհիմն մեղադրել է հենց հայկական կողմին, կոչ արել վերադառնալ այդ պայմանավորվածությունների կատարմանը: Զախարովան, սակայն, չի հիշատակել ո՛չ Ադրբեջանի կողմից նույն պայմանավորվածությունների կոպտագույն խախտումների (այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակման, հրադադարի ռեժիմի խախտումների, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի և այլն), ոչ էլ ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի անգործության մասին, ում աչքի առաջ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց։ «Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը հնարավորինս մոտ ապագայում Ռուսաստանում կազմակերպելու վերաբերյալ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։