Օրենքի խախտմամբ օտարված 10 հողատարածք ու դատարան ներկայացված 11 հայցադիմում. Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի դատախազության միայն մեկ ամսվա տվյալներն են: Զբոսայգի, մանկապարտեզ, ինքնակամ շինություններ, հողային օրենսգրքի սահմանափակումներում ընդգրկված այս տարածքների որոշ մասը, չնայած օտարման արգելքին, օտարվել են:
Սամինե Պետրոսյան (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ) - Վահան Զատիկյանի անվան զբոսայգին է, պարզվել է, որ Րաֆֆու 22 հասցեում գտնվող 591.8 քմ ընդհանուր մակերեսով կառույցը և 290 քմ ընդհանուր մակերսով հողամասն օտարվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ:
Դատախազի խոսքով՝ տարածքն օտարվել է Երևանի քաղաքապետի 2011 թվականի որոշմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչն էլ հիմք է հանդիսացել վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու համար:
Սամինե Պետրոսյան - Նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում նաև պարզվել է, որ վարչական շրջանի տարածքում առկա «Իտալական» այգում գտնվող Անդրանիկի 3 հողամաս օտարվել է, մինչդեռ ընդհանուր օգտագործման հողերը չեն կարող օտարվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց:
Երևանի քաղաքապետի այս որոշումը նույնպես վիճարկվում է վարչական դատարանում: Դատախազությունը նաև առաջին անգամ ինքնակամ կառույցները քանդելուն պարտավորեցնելու 2 հայց է ներկայացրել դատարան:
Սամինե Պետրոսյան - Քննության առարկա հանդիսացող ինքնակամ կառույցները գտնվում են սեփականության իրավունքով ՀՀ -ին պատկանող տարածքում: Քաղաքացիները կառուցել են ավտոտնակներ առանց թույլտվության, առանց սեփականության իրավունքի վկայականի, որոնք ներկա պահին հայցադիմումով դատախազությունը պահանջում է իրենց միջոցների հաշվին քանդել:
Դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում Անդրանիկի փողոցի 304 հասցեում գտնվող մանկապարտեզը վերադարձնել պետությանը, այն նույնպես 2004թ-ին խախտմամբ օտարվել է «Խալաթիան վարժարան» ընկերությանը:
Սամինե Պետրոսյան - Երևանի քաղաքապետը համայնքին օգտագործման իրավունքով է տրամադրել մանկապարտեզը, տնօրինելու իրավունք չի ունեցել, մինչդեռ համայնքի ավագանին որոշում է կայացրել օտարելու մանկապարտեզը:
Դատարան ներկայացված 11 հայցադիմումներից մեկն էլ Մալաթիայի Ջամբուլի փողոցի շուրջ 5000 քմ հողատարածքն օտարելուն է վերաբերում, որն օրենքի խախտմամբ 2008-ին օտարվել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին: Տարածքը ծանրաբեռնված է եղել շուրջ 2000 քմ շինությունով:
Մարիա Խաչատրյան (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ) - Շինություններով ծանրաբեռնված հողամասի գերակշռող մասի վրայով անցնում են բարձրավոլտ էլեկտրական լարման հոսանքի գծերը, և օրենքով չի թույլատրվում սեփականության իրավունքով փոխանցել էն հողամասերը, որոնք պատկանում են պետությանը և համայնքին, մասնավորապես` այս հողամասը հանդիսանում է էլեկտրահաղորդիչ հող, որն էլ և ընդգրկված է սահմանափակումների ցանկում:
Դատախազությունը դատարանում վիճարկում է նաև 1997-ին Հաղթանակի գյուղխորհրդի նախագահի 4 տարածքի սեփականության իրավունքի ակտը:
Մարիա Խաչատրյան - Քանի որ գործկոմի նախագահի կողմից նշված հողամասերը օտարվել են փակ բաժնետիրական ընկերության կնիքով, այսինքն՝ կազմակերպաիրավական ձև չունեցող թաղային համայնքի կողմից, ինչն էլ ստացվում է, որ այն օտարվել է ոչ իրավասու անձի կողմից, ով այդ տարածքները օտարելու իրավասություն չի ունեցել:
Բացի քաղաքացիական հայցերից, այս դեպքերի առթիվ նաև քրեական վարույթներ են նախաձեռնված, որոնց քննությունը շարունակվում է:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան