Ազգային ժողովում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն առաջարկեց «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։
Նախագիծը ներկայացնելիս Մնացական Սաֆարյանը նշեց, որ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով։
Նախագծով սահմանվում է նաև, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվի պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա:
«Նախագծում ավելացվել է «միջազգային այլ կառույցներ» եզրույթը, որպեսզի կարգավորվի Եվրոպական միությունից ժամանող պատվիրակությունների հետ կապված հարցը, քանի որ նախկինում օրենքում գրված էր միայն «միջազգային կազմակերպություններ», իսկ ԵՄ-ն այդպիսին չի հանդիսանում»,- ասաց Մնացական Սաֆարյանը։