Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Մայր Աթոռի արձագանքին, որը հետևեց Նիկոլ Փաշինյանի՝ Դիլիջանում ասված հայտարարությանը, ըստ որի՝ եթե Եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն:
«Եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել:
Եվ Ձեր հայտարարության հեղինակներին չեմ հակադարձի վիրավորանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռի այն հակադարձմանը, ըստ որի՝ եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են ընդունվել հոգևոր ճեմարան, եթե հաղթահարեն շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:
«Դե ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ սեռական առողջության վերաբերյալ: Համոզված եմ ես դրանում, որ ներկայացրել են, այնպես որ, մտահոգվելու բան չկա»,- ասաց Փաշինյանը: