Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցել է սպորտի գծով 76 մասնագետ, որոնցից ընդամենը 8-ը հավելավճար ստանալու հնարավորություն կունենա, իսկ արվեստի մասով՝ 100 մասնագետ, որոնցից 26-ն է հաղթահարել հավելավճար ստանալու համար անհրաժեշտ ցուցանիշը: Սակայն առկա տվյալները կարող են փոփոխվել, քանի որ բողոքարկման գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները, սոլֆեջիոյի և երաժշտական գրականության, նաև դաշնամուրի ուսուցիչները:
Քննության հարցաթերթիկի ուղեցույցին ծանոթանալուց հետո, սակայն, եղել են ուսուցիչներ, որոնք հրաժարվել են մասնակցել կամավոր ատեստավորմանը:
Նաիրա Դիվանյան (Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն) - Հասկացանք, որ որևէ մեթոդական ստուգում էստեղ չի անցկացվելու, և այդ տեսական հարցերը որևէ ձևով չեն արտացոլում այն հոգեբանական աշխատանքը, այն մոտեցումները, որ ամեն տարբեր երեխայի հետ անհատական աշխատանք տանելով` դաշնակահար-մանկավարժը կարողանում է ստանալ արդյունք: Որակավորումը և մասնագիտական բարձրացումը ինքնին շատ հաճելի երևույթ է և սպասված, բայց էնպիսի տպավորություն է, որ ինքնապատակ արված գործ է, որովհետև հարցաշարերը կազմելիս, կարծես, որևէ մեկը, որ առնչվել է 7-ամյա կրթության հետ և գիտի՝ ինչ են այդ պրոցեսում անցնում, չի ներգրավվել:
Կրթության փորձագետները նշում են՝ կամավոր ատեստավորումը կարևոր գործընթաց է, սակայն պետք է անցկացման ձևն ու մոտեցումները փոխել: Նախքան ատեստավորումը անհրաժեշտ է ապահովել բարձր մակարդակի կրթություն և վերապատրաստում:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Օրինակ, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մարզիչների ճնշող մեծամասնությունը ստացել է, ըստ էության, անբավարար արդյունքներ: Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանն ըմբշամարտի ոլորտում աշխարհում առաջատար երկրներից է, ինչպես է ստացվում, որ մեր ըմբիշները աշխարհում լավագույններն են, բայց մարզիչները կտրվում են, ուրեմն նշանակում է, որ մենք սխալ չափում ենք անում, որովհետև կամավոր ատեստացիայի խնդիրը այն է` դու այնպիսի հարցեր ես տալիս, որոնք հնարավոր է ստուգել, իսկ ստուգող հարցերը երբեմն կապված են լինում ինչ-որ անուններ հիշելու, թվեր, նորմատիվներ հիշելու հետ, բայց արդյոք մարզիչի կամ երաժշտության ուսուցչի համար ինչ-որ անուններ հիշելն է ամենակարևոր բանը:
ԿԳՄՍ փոխնախարարն էլ նշում է՝ ուսուցիչների գիտելիքների ստուգման և ատեստավորման գործընթացը իրականացնում են կամավոր հիմունքներով, իսկ մանկավարժական հմտությունների, մեթոդաբանության տիրապետման մակարդակի վերաբերյալ հարցերը կարգավորվում են տարակարգի տրման գործընթացով: Իսկ առկա խնդիրների մասին ասում է.
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ուզում եմ զուգահեռ անցկացնել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հետ, մենք այս տարի ևս ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կանոնակարգող համապատասխան իրավական ակտում փոփոխություններ ենք արել, և, բնականաբար, մենք այս տարի արտադպրոցականի ատեստավորումը անցնելուց հետո արդեն դուրս ենք բերել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են կամ հնարավոր է` հետագայում հանդիպենք, և անհրաժեշտության դեպքում կրկին բոլոր կարգավորումները, իրավակարգավորումները կվերանայվեն:
Նախարարությունից նշում են՝ քանի որ արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումն առաջին անգամ էր անցկացվում, մեծ ցուցանիշներ չէին ակնկալում: Հաջորդ տարի արդեն կավելանա նաև մասնագիտությունների ցանկը:
Հեղինակներ` Լիանա Խաչատուրյան, Աննա Զախարյան