Այս պահին ղեկավարի թափուր պաշտոնով Արդարադատության նախարարության տարեկան աշխատանքը ներկայացրել են փոխնախարարները: Տարվա ընթացքում բարձրացվել է դատավորների աշխատավարձը. Սահմանադրական դատարանում հավելավճարը աշխատավարձի 80 տոկոսի չափով է, Վճռաբեկ դատարանում` 50 տոկոսի: Վճռաբեկ դատարանում ձևավորվել են առանձին վարչական և հակակոռուպցիոն պալատներ: ԱԺ-ն ընդունել է օրենք, որով Երևանում ձևավորվում են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարաններ: Ընդունվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենք, որով ապահովվելու է հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը:
2022 թվականի ընթացքում դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական 41 վարույթ: ՄԻԵԴ որոշումների հիման վրա էլ՝ 3-ը:
Նախատեսվում է 2023 թ. գործարկել E-Justice հարթակը, թվայնացնել վարչական, քրեական և հակակոռուպցիոն դատավարությունները, լավարկել գործերի բաշխման համակարգը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում 17 բանկից 11-ում օպտիմալացվել են դրամական միջոցների բռնագանձման և ապաարգելադրման գործընթացները՝ 7 օրվա փոխարեն 1 օր:
Փորձագիտական կենտրոնի գործունեության շրջանակում ստեղծվել է Հոգեբանական փորձաքննությունների նոր բաժին, գործարկվել է թեժ գիծ: Ավարտվել են մինչև 2015 թ. նշանակված բոլոր փորձաքննությունները: Ընթացիկ տարում փորձագետների աշխատավարձն ավելացել է 92.7 %-ով, այժմ աշխատավարձերը հասնում են 700-800 հազար դրամի:
Քրեական արդարադատության ոլորտում մշակվել է օրենքի շուրջ 100 նախագիծ: Իրականացվել է քննչական մարմինների միավորում, 2024 թվականի հունվարի 1-ից գործելու է քննչական 2 մարմին՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեները:
Նոր ՔԿՀ-ի կառուցման նպատակով մշակվել է էսքիզային տարբերակ: Պատրաստ է նաև ՔԿՀ ծառայողների կամավոր ատեստավորման փաթեթը: «Արմավիր» ՔԿՀ-ում պիլոտային կարգով ներդրվելու է ծառայողի պատրաստման մոդելը, առաջին անգամ 19 տարեկանից բարձր դատապարտյալներին տրվել է հանրակրթության հնարավորություն, ապահովվել է օտարերկրացիների հաղորդակցության իրավունքը:
Նախատեսվում է 2023 թվականին ապահովել ՆԳՆ բովանդակային ձևավորումը: Ներկայացվելու է նաև Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթ ու ճանապարհային քարտեզ, իսկ Պարեկային ծառայությունը ներդրվելու է Հայաստանի ամբողջ տարածքում: Գործարկվելու է նաև ջրային պարեկային ծառայությունը:
Հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հստակեցվել են պաշտոնատար անձանց՝ նվերներ ընդունելու, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարգավորումները, կատարելագործվել է ազդարարման համակարգը: 2023 թվականին նախատեսվում է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունում:
Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են, որ նախատեսվել է առցանց հաշտարարության հնարավորություն, ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարություն, սահմանվել է հաշտարարների ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ: Սահմանադրական բարեփոխումների շրջանակում ձևավորել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը: Հաստատվել է նաև Քաղաքացիական կենտրոնների արդիական մոդելի հայեցակարգը, որով նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կենտրոններ «Հայփոստի» հենքի վրա:
Ըստ վարչապետի` անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական էֆեկտ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է արդարադատության թաղամասի կառուցման ծրագրի իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերանորոգման և արդիականացման աշխատանքները և հավելել, որ դրանք պետք է համահունչ լինեն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործընթացին: