«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, նպաստել է հայերի դեմ կատարված վայրագությունների անպատժելիությանը, սպառնացել ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը։ Կազմակերպությունները «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։ Կազմակերպությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ կոչ են արել ապահովելու միջազգային բոլոր կազմակերպությունների մարդասիրական նպատակներով անխոչընդոտ մուտքը Արցախ:
Եվրոպական եկեղեցիների համաժողովը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ Եվրոպական Միության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելին ուղղված համատեղ նամակում դատապարտել են Ադրբեջանի կողմից էթնիկ հայկական Արցախի շրջափակումը «որպես եռակողմ համաձայնագրի, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների իրավունքի, նաև բարոյական ամենահիմնարար սկզբունքների խախտում»։
Նշվում է, որ Լաչինի մարդասիրական միջանցքի փակմամբ և գազի ժամանակավոր դադարեցմամբ Ադրբեջանը միտումնավոր արտակարգ հումանիտար իրավիճակ է ստեղծում 120. հազար հայերի համար:
Նամակում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի զինվորականների և անվտանգության ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին վկայություններին: Նշվում է, որ Բաքուն իր նման գործելաոճի համար պատասխանատվության չի ենթարկվել:
Այս պայմաններում չի կարելի հաշվի չառնել հայերի մտավախություններն իրենց դեմ ցեղասպանության վերսկսման վերաբերյալ, և Լեռնային Ղարաբաղի շրջափակմամբ այդ մտավախությունները զգալիորեն և հասկանալի պատճառներով խորանում են:
Եվրամիությանը կոչ է արվում ձեռնարկել հնարավոր դիվանագիտական քայլերը, որ Ադրբեջանը վերաբացի Լաչինի միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի, որ այն բաց կմնա։ Նաև կոչ է արվում երկարաձգել ԵՄ մոնիտորինգային առաքելության մանդատը՝ դրանում ներառելով Լաչինի միջանցքը:
Իրանը բազմիցս ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կագավորմանը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ իրանական ISNA լրատվական գործակալության հարցին:
Մենք կարծում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանների ամբողջական կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրի միջև տարաձայնություններին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի բացման հարցը արագ կլուծվի երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Արցախում հիվանդ է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժում ստանալու հնարավորությունից՝ Թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ շատ հիվանդներ զրկված են պատշաճ բուժօգնությունից: Հիմնական պաշարները սպառվում են, մարդասիրական ճգնաժամն արդեն ոչ թե հնարավոր է, այլ արդեն իրողություն է»: Նա կրկին հորդորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը: