Արցախի անտառներում սպիտակ ֆոսֆոր օգտագործած Ադրբեջանը չի կարող պայքարել բնապահպանական խնդիրների լուծման համար. հիշեցնելով 44-օրյա պատերազմի ընթացքում բնության դեմ ադրբեջանցիների կատարած հանցագործությունները՝ նշում են բնապահպանները:
Օլեգ Դուլգարյան («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ) - Միայն հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը այրվել է, մոտավորապես, 1815 հա անտառ: Հատկանշական է, որ, բացի էկոլոգիականից, այն նաև մարդկային մեծ վնասներ է պատճառել: Մեծ մասամբ այնպիսի անտառներ են խոցվել, որոնք մոտ էին գտնվում գյուղական բնակավայրերին և տարբեր ենթակառուցվածքներին:
Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանական նպատակներով փակելն ունի քաղաքական հիմք և ուղղորդվում է Բաքվի իշխանության կողմից՝ վստահեցնում են բնապահպանները: Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանն ընդգծում է՝ Ադրբեջանը ցանկանում է զավթել Արցախի և Հայաստանի այն տարածքները, որոնք հարուստ են բնական ռեսուրսներով, անտառներով և ջրահավաք ավազաններով:
Նազելի Վարդանյան (էկոլոգիական իրավունքի մասնագետ) - Ստեփանակերտը ջրազրկվեց 20 թվականի պատերազմից հետո, հիմա բարձրադիր շրջաններում են գտնվում՝ Վարդենիս, Ջերմուկ, որտեղ ջրհավաք ավազանն է, Սյունիքում, և ամբողջ Շիկահողի արգելոցը գտնվում է Ադրբեջանի զինվորականների հսկողության տակ:
Ադրբեջանն իր գործողություններով վնասում է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև հարևան մյուս երկրների բնությունը՝ փաստում են բնապահպանները: Միջազգային հանրությունը, սակայն, ոչ միշտ է դատապարտում Բաքվի քայլերը:
Ինգա Զարաֆյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ) - Իրենց նավթատարն անցնում է Վրաստանի Բորժոմի ազգային պարկի տարածքով, և երբ կառուցվում էր այդ նավթատարը, Վրաստանի ՀԿ-ները քանի անգամ ձայն են բարձրացրել՝ ասելով, որ Բորժոմի ազգային պարկի տարածքը մեծ վնասներ պետք է կրի, և, իրոք, այդ վնասները կան:
2020 թվականի պատերազմի ընթացքում Արցախում Ադրբեջանի զինված ուժերի՝ սպիտակ ֆոսֆոր կիրառելուց հետո բնության պահպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին ուղղված հայ բնապահպանների նամակները մնացել են անպատասխան: Լաչինի միջանցքն ադրբեջանցիների փակելուց հետո բնապահպանական խնդիրներով զբաղվողները նոր նամակներ են պատրաստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան