Մոսկվան շարունակում է համոզել Անկարային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում, այս ուղղությամբ հաջողություններ կան, երկուշաբթի ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե չի սկսվել ցամաքային գործողությունը, նշանակում է կան հաջողություններ, մենք կշարունակենք շփումները»,- լրագրողներին ասել է պաշտոնյան։
«Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները բարդ են, Մոսկվան հանդես է գալիս դրանց կարգավորման օգտին, տեսնում է տարածաշրջանի այս երկու կարևոր երկրների միջև ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
Նոյեմբերի 20-ից Անկարան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքայինը։