2022-ի փետրվարից գազաբալոնների պարտադիր վկայագրման պահանջի ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերվել ու խոտանվել է մոտ 5000 գազաբալոն՝ կանխելով դրանց հնարավոր պայթյունը:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Մոտ 4600-ը եղել են ժամկետանց, որոնք նույնպես ենթակա են խոտանման, մոտ 400-ը վկայագրման ժամանակահատվածում կամ դեֆորմացվել են, կամ ճղվել:
Այս տարի գազաբալոնի պայթյունի դեպք չի գրանցվել՝ նշում է ոլորտի պատասխանատու փոխնախարարը: Պարտադիր պահանջին առայժմ 146 հազար տրանսպորտային միջոց է հետևել:
Արմեն Սիմոնյան - Քանի որ կան տրանսպորտային միջոցներ, որոնց վրա կան 1-ից ավելի բալոններ, ապա բալոնների թիվը շատ ավելի մեծ է, մոտ 155 հազար:
Արդյունքից դժգոհ չեն, բայց տեմպերը չեն թուլացնում՝ նշում է Սիմոնյանը: Դեռևս հստակ չէ, թե Հայաստանում քանի տրանսպորտային միջոց է վերասարքավորվել գազաբալոնային համակարգով: Տարբեր ուսումասիրություններով՝ դրանց թիվը 400-450 հազար է: 69 կայան կա ամբողջ հանրապետությունում, որ օրական մինչև 40 ստուգաչափում կարող է իրականացնել:
Արմեն Սիմոնյան - Կարող ենք վստահ ասել, որ այս գործընթացը, որն անվտանգային է, այս պահի դրությամբ հաջողել է, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել, մինչև բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները ստուգված լինեն:
ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Այս տարի մեկնարկել է նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրումը:
Արմեն Սիմոնյան - 2021-2022 թթ. հայտարարվել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզի միասնական երթուղային ցանցերը սպասարկելու համար օպերատորի ընտրության մրցույթներ:
Շիրակում միայն մրցույթին մասնակից չի եղել, մնացած մարզերում հաղթողը հայտնի է:
Արմեն Սիմոնյան - Կոտայքի մարզում այս պահի դրությամբ 212 ավտոբուսներ ներկրվել են և շահագործվում են 35 երթուղիներում: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Կոտայքի մարզը ամբողջությամբ սպասարկվում է:
Արարատում հաղթողը 87 ավտոբուսների ներկրման փուլում է: Արմավիրի մարզում երկու ընկերություն կլինի, կսպասարկի Վաղարշապատն ու Արմավիրը: Շուտով մրցույթ կհայտարարեն նաև Գեղարքունիքի մարզում: 2023-ին էլ՝ մնացած մարզերում:
Արմեն Սիմոնյան - Միասնական ցանցից ակնկալիքն այն է, որ սպասարկվեն բոլոր բնակավայրերը, որտեղ ունենք բնակչություն:
Այս պահին շուրջ 200 բնակավայր չունի կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ: Միասնական երթուղային ցանցը 2-5 մլրդ դրամ ներդրում է պահանջում: Զուգահեռ՝ ավտոկայարանները կարգի կբերվեն:
Արմեն Սիմոնյան - Այսօր ավտոկայարանները 25-ն են, 1-ն էլ նախատեսում ենք կառուցել, անմխիթար վիճակում են գտնվում: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությամբ եկել ենք եզրահանգման, որ դրանց որակը բարձրացնելու նպատակով լավագույն լուծումներից մեկը մասնավոր կառավարման հանձնելն է:
Նոր կառուցվող կայարանը կլինի Երևանում՝ Շիրազի փողոցում: Միայն շինարարության համար ներդրման ծավալը կկազմի մոտ 6 մլրդ դրամ: