Ամերիկյան Politico հրատարակությունը քննադատել է Եվրամիությանն այն բանի համար, որ ուկրաինացի փախստականների ընդունելությունը տարբերվում է Սիրիայից և Աֆղանստանից միգրանտների նկատմամբ վերաբերմունքից։ Ինչպես գրում է պորտալը, ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո եվրոպական երկրները «արագ վերանայեցին իրենց միգրացիոն քաղաքականությունը»։
«Եթե նախկինում շատ երկրներ ամեն կերպ փորձում էին կանխել փախստականների ժամանումը, ապա այժմ նրանք ուկրաինացիներին շատ ակտիվ տալիս են մշտական բնակության կարգավիճակ, որը երաշխավորում է լայն իրավունքներ և աշխատելու հնարավորություն»,- ասվում է հոդվածում։
Հրատարակությունը նաև մեջբերել է Daily News Egypt-ի սյունակագիր Մարվա Էլ-Շինավիին, որը հայտարարել է, որ Եվրոպան «ռասիստական վերաբերմունք է դրսևորել արաբ և աֆրիկացի ներգաղթյալների նկատմամբ՝ չնայած մարդու իրավունքների մասին բարձր կարգախոսներին»։
Ավելի վաղ Արտաքին սահմանների պաշտպանության եվրոպական գործակալությունը (Frontex) հայտնել էր, որ ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր 6 միլիոնից ավելի փախստական լքել է Ուկրաինան: Նրանցից ավելի քան երեք միլիոնը ժամանել է Լեհաստան, մեկ միլիոնը՝ Մոլդովա։