ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն երկօրյա այցով Հայաստանում է: Մեր երկիրն արդեն 30 տարի այս կառույցի անդամ է, և այսօր էլ Առողջապահության նախարարն ու ԱՀԿ ներկայացուցիչը ստորագրեցին գործակցության հերթական համաձայնագիրը, որով սահմանվում են 2022-2023 թվականների առաջնահերթությունները:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Կառավարության 2021-26 թթ. ռազմավարությունը ներառում է առողջապահական ցուցանիշների այն հիմնական ուղղությունները, որոնք արտացոլված են համաշխարհային օրակարգում: Այս ոլորտում մեր ջանքերի համատեղումը կարևոր է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ նպատակներին հասնելու տեսանկյունից:
Համաձայնագրի նպատակն է 2 տարվա ընթացքում ջանքերը կենտրոնացնել համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման, արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման և առողջ ապրելակերպի խթանման վրա:
Ի դեպ, հենց առողջ ապրելակերպը խթանելու նպատակով էլ վերջերս Հայաստանում ծխելը օրենքով արգելվեց հանրային սննդի ոչ միայն փակ, այլ նաև բացօթյա վայրերում, ինչը միանշանակ չընդունվեց ու որոշակի դժգոհության ալիք բարձրացրեց:
Կլյուգեից հետաքրքրվեցինք` ինչ դիրքորոշում ունի ԱՀԿ-ն և որքանով է արդարացված այդ սահմանափակումը:
Հանս Հենրի Պ. Կլյուգե (ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) - Դա լիովին արդարացված և ապացույցների վրա հիմնված որոշում է:
Կլյուգեն ընդգծում է՝ Հայաստանում ավելի քան 5500 մարդ ամեն տարի մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից:
Հանս Հենրի Պ. Կլյուգե - Սա նշանակում է՝ մարդկանց համարյա 20 տոկոսը մահանում է լիովին կանխարգելելի պատճառներից: Այդ մարդիկ չպետք է մահանային:
Կլյուգեն ծխելու տնտեսական վնասներին եւս անդրադարձավ՝ նշելով, որ դա տարեկան կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր անձի հաշվով 92 000 դրամ է։ Խոսքը ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման համար պետության և անհատի ծախսերի մասին է: Նաև՝ աշխատունակ տարիքի կրճատման ու վաղ մահացության:
Վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ առողջապահական գերատեսչությունը մտադիր է վերանայել հակածխախոտային օրենքի այն դրույթները, որոնք ծխելու արգելք են սահմանում սննդի բացօթյա վայրերում: Նախարարը, անդրադառնալով դրան, նշեց:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք պետք է քաջ գիտակցենք, որ միայն հիվանդաբուժությամբ չենք կարող հաջողության հասնել, մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առողջ սովորույթներ ունենալուն և ապագա սերունդներին առողջ մեծացնելուն, և իհարկե, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ կարգավորումը պահպանվի:
Ավանեսյանն ընդգծեց, որ օրենքը երկար քննարկումների ու հավասարակշռված մոտեցման արդյունք է:
Հեղինակ` Աննա Զախարյան