ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է, որ նորաստեղծ հարթակում մեկտեղվել են երկու տարբեր պետական գերատեսչությունների գործառույթներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել ոլորտին առնչվող այլ պետական մարմինների գործակցությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով բյուրոկրատիան և հեշտացնելով շփումը գործատուների հետ։
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը կատարված բարեփոխումների գործում, մասնավորապես, Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի դերը։
«Միասնական էլեկտրոնային հարթակն արդեն չորրորդ ամիսն է՝ գործարկվել է, սակայն մի շարք գործոններով պայմանավորված՝ այսօր ենք ներկայացնում համակարգի մեկնարկն ու միաժամանակ նրա եռամսյա գործունեության արդյունքները»,- ասել է նա՝ հավելելով, որ գործատուների գոհունակությունը, առաջարկներն ու նկատառումները կարևոր են հարթակի ուղղությամբ շարունակական աշխատանքներ կատարելու տեսանկյունից, և որ նմանօրինակ հանդիպումները հենց այդ նպատակին են ծառայում։
«Միգրացիայի միջազգային կազմակերպության նպատակն է աջակցել աշխատանքային միգրացիայի համակարգի բարելավմանը՝ բարելավելով աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Հուսով ենք, որ այս եղանակով մենք նպաստում ենք միգրանտների իրավունքների պաշտպանությանը և կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ բոլորի»,- նշել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։
2022 թ. հունվարի 1-ից գործարկված
workpermit.am կայքի միջոցով Միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է մոտ 700 հայտ, գրանցվել են մոտ 250 գործատուներ, տրամադրվել է ավելի քան 260 ժամանակավոր կացության կարգավիճակ և ավելի քան 170 բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ քաղաքացիներին։
Հարթակի միջոցով օտարերկրացի աշխատակից ներգրավելու ցանկություն ունեցող գործատուներն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են թեկնածուին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ։
• Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։
• Այնուհետև լրացվում է թափուր աշխատատեղի նկարագիրը։
• Մինչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննում է աշխատատեղը օտարերկրացիով լրացնելու հայտը, գործատուն լրացնում է օտարերկրացու տվյալները։
• Գերատեսչական հաստատումներից հետո օտարերկրացին իր էլփոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։
Նա պետք է մոտենա Միգրացիոն ծառայություն՝ ստանալու փաստաթուղթը։
Մինչև 2022 թ. հունվարի 1-ը այս գործընթացն իրականացվում էր երկու մասով: Գործատուն մոտենում էր ԱՍՀՆ՝ աշխատանքի թույլտվության դիմում ներկայացնելու համար: Այն ստանալուց հետո օտարերկրացին մոտենում էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար: Ողջ գործընթացը տևում էր մինչև 3 ամիս:
2022-ի հունվարի 1-ից նշված երկու բաղադրիչները իրականացվում են միաժամանակ, ամբողջությամբ էլեկտրոնային, դյուրացված վարչարարությամբ և կրճատված ժամկետում: Ողջ գործընթացը տևում է մեկ ամիս:
Միջոցառման երկրորդ հատվածում գործատուները ներկայացրել են իրենց նկատառումներն ու առաջարկները, միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը պատասխանել է հնչեցված հարցերին։
