«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի ներկայացումից հետո նրան հարց ուղղեց Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների վերաբերյալ:
«Վրաստանի հետ մեր միջպետական հարաբերությունների խնդիրն է տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, բոլոր ոլորտներում համագործակցությունը դարձնել մաքսիմալ արդյունավետ, և, այո՛, Վրաստանի մեր հայրենակիցների գործոնը շատ էական է այս հարաբերություններում, և մենք հետևողական ենք այդ հարցերում, և ուրախ նաև, որ Վրաստանի կառավարությունը և մեր կառավարությունը այս հարցերում տարընթերցումներ չունեն: Մնում է արդեն կոնկրետ նախագծերը, կոնկրետ գործերն իրականացնել արդյունավետ և փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դժվար է գերագնահատել մեր երկրների միջև հարաբերությունների հարցը, բայց նաև պետք է արձանագրել, որ այդ հարաբերությունների վրա նաև հարակից գործոնները որոշակիորեն ազդում են, և այդ ազդեցությունը ոչ թե բարոյահոգեբանական է, այլ ավելի շատ կառուցակարգային, որովհետև արտաքին քաղաքականության ոլորտում տարբեր վեկտորներ ունենալու հանգամանքը, տարբեր ինտեգրացիոն համակարգեր ընտրելու հանգամանքը որոշակի ազդեցություն ունենում է:
«Բայց պետք է գոհունակություն հայտնել այն փաստի առումով, որ փաստացի այդ ազդեցությունը մեր հարաբերությունների վրա հասցված է նվազագույնի: Մենք, ընդհակառակը, պետք է փորձենք աշխատել, որ նույնիսկ այդ նվազագույն ազդեցությունը չնկատվի մեր տնտեսական հարաբերություններում, մանավանդ որ մենք Ազատ առևտրի համաձայնագիր ունենք ստորագրած, որը գործում է»,- ասաց ՀՀ վարչապետը: