Այսուհետև հայկական ապրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով: Նպատակն է բարձրացնել տեղական արտադրանքի վարկանիշն ու տարբերակել այլ ապրանքներից: Նախաձեռնությունը Էկոնոմիկայի նախարարությանն է:
Գայանե Անտոնյան (ՀՀ ԷՆ մամուլի քարտուղար) - Այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին:
Նախագծին միացել են մի շարք սուպերմարկետներ և առևտրի կետեր: Վերջին տարիներին սպառողները նախընտրում են ավելի շատ տեղական արտադրանք գնել՝ ասում է սուպերմարկետներից մեկի տնօրենը:
Արեգնազ Աբիսողոմյան (սուպերմարկետի տնօրեն) - Հաճախորդն ասում է՝ մենք հիմա ավելի նախընտրում ենք տեղական արտադրանքը, ավելի լավ է՝ օգտվենք մերից, քան արտասահմանյանից:
Հայկականը նաև ոճային է: Մայրաքաղաքում այսօր արդեն ավելի հաճախ կարելի է հանդիպել հայկական արտադրության հագուստ վաճառող խանութների, որտեղ ևս իրականացվում է տեղական արտադրությունը խթանող իրազեկման արշավը:
Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր Made in Armenia նախագիծը: Գայանե Անտոնյանի խոսքով, այս ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ իրազեկվածության ցածր մակարդակը:
Գայանե Անտոնյան - Նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել միմյանց հետ և տեղեկանալ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին:
Վրույր Մկրտչյան