Հեղուկ և սեղմված բնական գազի, նաև՝ բենզինի շուկաներում ստուգումները շարունակվում են: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի խոսքով՝ 2019 ին 250 ստուգում է իրականացվել, 2020-ին՝ 350, 2021 -ին՝ 450. այս տարի նախատեսվում է 592 ստուգում:
Տնտեսվարողների չարաշահումների մասին քաղաքացիների բողոքներն անարձագանք չեն մնացել. նախ համալրել են ծառայության աշխատակիցների թիվը, հետո կտրուկ ավելացել է տուգանքի չափը.
Արմեն Կոտոլյան (Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար) - Տուգանքները նախկինում կազմում էին 50-100 հազար թերլիցքավորման համար, իսկ հիմա 1 միլիոն դրամ: Որակի հետ կապված նախկինում տուգանքները տատանվում էին 100- 300 հազար դրամի սահմաններում, իսկ հիմա 1 միլիոն դրամ` առաջին խախտումը, 2 միլիոն` կրկնվելու դեպքում:
Բոլոր բենզալցակայաններում մինչև տարեվերջ չափիչ տարաներ կներդրվեն. տարբեր երկրներում արդեն կիրառվող այս տարբերակն ապացուցել է արդյունավետությունը, բացի այդ՝ քաղաքացիները ցանկության դեպքում հնարավորություն կունենան անձամբ համոզվել, որ խաբեության զոհ չեն դառնում, և թերլուցումները բացառվում են: Այսինքն` վառելիքը նախ կլցվի տեսանելի տարայի մեջ և միայն դրանից հետո կտեղափոխվի մեքենա: Հիմա էկոնոմիկայի նախարարությունում որոշվում է տարաների վերջնական տեսակը:
Կոտոլյանի խոսքով՝ բենզինի որակական վերահսկողության արդյունքում վերջին շրջանում ոչ մի խախտում չի հայտնաբերվել:
Արմեն Կոտոլյան - Թերլիցքավորման հետ կապված` եթե 2019-2020-ին ունեինք մոտ 20 լիտրի մեջ 1-15 լիտր խաբելու հավանականություն, ապա 2022 ին իրականացված ստուգումների արդյունքում 20 լիտրի մեջ 400 գրամի տարբերություն է տվել:
Հարցումները, այնուամենայնիվ, ցույց տվեցին, որ հիմա ևս լիցքավորումից վարորդների մեծ մասը դժգոհ է:
Վերահսկող մարմինը մինչև 2021 թվականը իրավասու չէր հետևել հեղուկ գազի չափագիտական ու որակական նորմերին: Տնտեսվարողը շատ դեպքերում տեղեկություն չէր տալիս, թե ինչ հեղուկ գազ է վաճառում: Հիմա խնդիրն ամբողջապես լուծվել է, ու մասնագետները իրավունք ունեն հետևել անհրաժեշտ բոլոր նորմերին:
Արմեն Կոտոլյան - 2019 թ-ին կիրառվել է մոտ 30 միլիոն դրամի տուգանք, 2020-ին՝ 47 միլիոն, 2021 ին՝ 210 միլիոն, 2022 թ-ի առաջին կիսամյակում` ավելի քան 25 միլիոն , այսինքն` 2022 թ-ի առաջին եռամսյակի ու 2019 ի ամբողջ տարվա տուգանքները գրեթե նույնչափ են: :
Թերլիցքավորման խնդիրը լուծելու համար տեսչականը ձեռք է բերել նաև չափիչ սարքեր: Բացի այդ, փոփոխված օրենքով՝ տեսչականի աշխատակիցները ցանկացած պահի կարող են չափագիտական վերահսկողություն անել և շատ արագ հասկանալ՝ լիցքավորումը թերի՞ է, թե՞ ոչ:
Հեղինակ` Լիլիթ Դանիելյան