Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետական եկամուտների կոմիտեն բիզնեսին և քաղաքացիներին վերադարձրել է 51.3 մլրդ դրամ: Խոսքը հիմնականում բիզնեսին՝ ավելացված արժեքի հարկի գծով, և քաղաքացիներին՝ եկամտահարկի գծով վերադարձվող գումարների մասին է: Ցուցանիշն ամենաբարձրն է վերջին մի քանի տարվա ընթացքում: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ վերադարձված գումարներն աճել են 35,5, 2020-ի համեմատ՝ 45,8 և 2019-ի համեմատ՝ 89,8 տոկոսով: Եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիների թիվը ևս վերջին տարիներին մեծացել է՝ նշում են պետական եկամուտների կոմիտեից:
Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - Ընդ որում՝ այն արդեն շուրջ 5 հազարով գերազանցում է 21 թվականի վերջի դրությամբ առկա ցուցանիշը, իսկ եթե համեմատենք, օրինակ, 2018 թվականի հետ, 2018 թվականին այդ ֆիզիկական անձանց քանակը կազմում էր շուրջ 4000, այսինքն՝ 4 հազարի դիմաց այս պահին ունենք շուրջ 25 հազար գրանցված պոտենցիալ շահառուներ:
Չնայած գումարները ՊԵԿ-ը վերադարձնում է ստացված հարկերից, այնուամենայնիվ, տարեցտարի վերադարձի գործընթացն ավելի է հեշտացվում՝ նշում է Կարեն Թամազյանը: Օրինակ՝ ավելացված արժեքի հարկ վերադարձվում է ամեն ամիս՝ նախկին 3 ամսվա փոխարեն: Կամ՝ հիփոթեքային վարկերի դեպքում ՊԵԿ այցելությունը փոխարինվել է եկամտահարկի վերադարձի առցանց եղանակով:
Կարեն Թամազյան - Որքան վերադարձը շատ է, այնքան ՊԵԿ-ի կատարողականը ավելի փոքր գումար է, բայց, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը յուրաքանչյուր տարի փորձում է այս վերադարձի մեխանիզմում գործընթացներն ավելի կատարելագործել, որպեսզի ավելի արագ վերադարձվեն գումարները»: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի էն շահառուները, ովքեր պետք է էդ վերադարձները ստանան, էդ գումարները արդյունավետորեն հետ ստանան և արագ:
Հարկ վճարողներին վերադարձված 51,3 մլրդ դրամից 41,9 մլրդը վերադարձվել է բիզնեսին՝ ավելացված արժեքի հարկի գծով: Ըստ Կարեն Թամազյանի՝ միտումներն այնպիսին են, որ վերադարձի գումարը ամեն տարի աճում է, սակայն բիզնես-պետություն հարաբերությունների տեսանկյունից դա կարևոր է:
Կարեն Թամազյան - Բիզնեսը, օրինակ, սահմանին վճարած ավելացված արժեքի հարկը հենց հնարավորություն է ունենում հաջորդ իսկ ամիս հետ ստանալու, որի արդյունքում բիզնեսը լրացուցիչ շրջանառու միջոցներ է ստանում, և բիզնես գործընթացներն ավելի արդյունավետ կարող են կազմակերպել»:
Հաշվի առնելով երկրում իրականացվող ակտիվ բնակարանաշինությունը՝ առաջիկա տարիներին եկամտահարկի վերադարձից օգտվող՝ բնակարան ձեռք բերող քաղաքացիների թիվը դեռ կարող է աճել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան