«Ընդերքի մասին» օրենսգրքում լրացում կատարելու նախագծի քննարկումն ԱԺ գլխադասային հանձնաժողովում հարթ չանցավ: Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նիստի մեկնարկին հայտարարեց՝ նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվում է, քանի որ լրացումները պատշաճ ժամկետում չեն ուղարկվել օրենսդրին:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մի ժամ առաջ ենք ստացել։ Կարծում եմ՝ հանձնաժողովը ոչ էլ հասցրել է ծանոթանալ։
Կառավարող ուժի ներկայացուցիչները նկատեցին՝ հանձնաժողովի նախագահը միանձնյա չի կարող նախագիծը հետաձգելու որոշում ընդունել: Որոշվեց՝ նախագծի քննարկումը չի հետաձգվի:
Ընդերքի մասին օրենքի հիմնական շահառուները հանքարդյունաբերողներն են, իսկ նախագծի խնդրահարույց հիմնական կետը հոդվածներից միայն մեկի լրացումն է, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Գործող օրենսգրքով անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները:
Նոր նախագծով առաջարկվում է ցանկում ավելացնել քաղաքացիական զանգվածային անհնազանդությունները՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներով, որոնց հետևանքով հնարավոր չէ հանքավայրում ընդերքօգտագործման աշխատանքների կազմակերպումը:
Բնապահպանները պնդում են, որ նախագիծը սահմանափակելու է քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Հայաստանում ցանկացած հանքի շահագործում, ինչպես հայտնի է, ուղեկցվում է բնապահպանների ակցիաներով: Մինչ օրս էլ որոշ բնապահպաններ հերթապահում են Ամուլսարի հանքի մոտ՝ թույլ չտալով հանքի շահագործումը:
Բնապահպանները հայտարարում են, որ փոփոխոթյունը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հետադարձ ուժ է ունենալու՝ տարածվելով մինչ այս ընդերքօգտագործման իրավունք ստացած հանքարդյունաբերողների վրա:
Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Մենք հանքարդյունաբերողին տալիս ենք հստակ երաշխիքներ, որ ապահովագրում ենք նրան իր կողմից ներդրումների իրականացման և իր շահույթը ստանալու համար, որ երկրի ներսում տեղի ունեցող ոչ մի անհաղթահարելի ուժ, որը պետք է խանգարեր նրա գործունեությանը, չկա, նրա պլանավորված գործունեությունը չի խաթարվի:
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2020 թվականին էլ հանքարդյունաբերողների համար անհաղթահարելի իրավիճակ էր, քանի որ երկիրը պատերազմում էր, հանրապետությունում զորահավաք էր հայտարարվել, հանքերի որոշ տրանսպորտային միջոցներ ներգրավվել էին զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության սպասարկման գործում, այսինքն՝ հանքերը օբյեկտիվ պատճառներով ընդերքը չեն օգտագործել, հետևաբար ընդերքօգտագործման իրավունքը պետք է երկարաձգվի:
«Քաղաքացիական պայմանագրից» Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկում եղե՞լ է: Եղել է, բոլորը Կառավարությունից շնորհակալ են նման նախաձեռնության համար՝ հայտարարեց փոխնախարարն ու հավելեց, որ շուրջ 400 ընկերության փորձ են ուսումնասիրել:
Նախագիծը դրվեց քվեարկության և դրական եզրակացությամբ անցավ լիագումար նիստերի օրակարգ, իսկ լրացումները կարվեն 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ:
Հեղինակ՝ Անի Օհանյան